Ընթացիկ կատարումներ #2, 31 օգոստոսի, 2019

Օգօստոսի 31-ին Ձայնալաբի արվեստագետները կներկայացնեն Գյումրիի արվեստի կացարանում աշխատելու 2,5 ամսվա ընթացքում պատրաստած իրենց նախագծերը:

Ձայնալաբը միջբնագավառային հետազոտական հարթակ է Գյումրիում: Այն միատեղում է տեղի եւ միջազգային հետազոտողներին, ճարտարագետներին, ձայնային արվեստագետներին եւ երաժիշտներին՝ իրականացնելու ձայնային համատեղ փորձարկումներ:

Աշխատանքները կներկայացվեն քաղաքի տարբեր հատվածներում և կանդրադառնան բազմաթիվ թեմաների: Ի հակառակ ժամանակակից արվեստի ընթացքների վերաբերյալ տարածված կարծրատիպի՝ Ձայնալաբը ոչ միայն կայանում է Գյումիում, այլեւ միջամտություններ է անում քաղաքում եւ քաղաքի առօրյայում: Ձայնալաբը ձգտում է ներգրավվել Հայաստանի այս մշակութային քաղաքում ապրող մարդկանց, որոնք իրենք են ձեւավորել քաղաքի ողջ փորձառությունը, ինչպիսին որ այն կա այսօր, դրա պատմությունները, դինամիկան ու հիշողությունները:

Նախագիծն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում:

Ժամանակացույց

31 օգոստոսի, 2019
16.00-17.00

Մուշ 1. Ձայնային ինստալացիա, Գյումրի
Կայ Խաչատրյան, Վարդան Հարությունյան, Գոհար Մարտիրոսյան, Մերուժ Ղուդրատյան
Հասցեն՝ Մուշ 1

Միջամտությունը Մուշ 1-ում տեղի հիշողության եւ ֆիզիկական արտաքինի, դրանց էներգիայի եւ էլեկտրամագնիսական դաշտի արվեստային հետազոտություն է: Այն փորձում է դիտարկել տարածքն իր անաղարտության եւ ձեւի վերացականության մեջ, առանց հղելու դրա սոցիալական եւ քաղաքական համատեքստերին:

Ձայնային ինստալացիաները տեղի կունենան Մուշի լքված թաղամասի կարծես թե քաղաքային միջավայրի տարբեր հատվածներում՝ ստեղծելով ձայնի շարունակական թվային եւ մեխանիկական միջամտություններ տարածության մեջ, յուրացնելով եւ վերադարձնելով տեղի էլեկտրամագնիսական տեղեկությունը:

Մենք հռչակում ենք տարածքի ներկա համատեքստը որպես կատարելապես գեղեցիկ՝ ընդգծելով ներկայությունը, երաժշտությունը դրանում, բացահայտելու դրա զարմանալի բնույթը եւ վերափոխելու այն մի նոր տեսակի ոչ պրագմատիկ, ոչ պրակտիկ բնույթ ունեցող տարածքի: Արվեստային արարքն ազատագրում է դիտողին եւ արվեստագետին այս բացառիկ տարածքում՝ օգտագործելով դրա իսկական, առեղծվածային եւ օտարված բնույթը:

18.00-19.00

Մաունա. ձայնային կատարում
Նարեկ Բունիաթյան, Դավիթ Սելիմյան
Հասցեն՝ Մհեր Մկրտչյան փ., Տեքստիլ կոմբինատի գլխավոր մուտք, կապույտ քարի մոտ

Քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ են բողոքում, որ քաղաքն աղմկոտ է, կարևոր է հասկանալ, որ մենք բոլորս նույնպես այդ աղմուկի մասն ենք կազմում: Լռությունը կարող է լինել բուժիչ եւ սնուցիչ, այդ իսկ պատճառով կատարման ընթացքում հանդիսատեսից կխնդրենք լռություն պահպանել եւ պարզապես լսել, թե ինչպես է լռությունը դանդաղ ու նրբանկատորեն փոխակերպվում ձայնի, որը տեղում կկատարեն Դավիթ Սելիմյանն ու Նարեկ Բունիաթյանը՝ հանպատրաստից եւ հնարավորինս անաղմուկ դադարներով: Պերֆորմանսը տեղի կունենա Գյումրիի չգործող «Տեքստիլի» գործարանում:

19.00-21.00

Քարը Քարին. Մայիսյան ապստամբության անվան Գյումրու Տեքստիլ Կոմբինատ
Խմբակային ցուցադրություն, կատարում
Ջենի Գևորգյան, Սյուզի Գինոսյան, Մերուժ Ղուդրատյան, Կայ Խաչատրյան, Արտուշ Կոշտոյան, Մարիա Մատինյան, Դավիթ Մարգարյան, Վարդան Հարությունյան
Հասցեն՝ Մհեր Մկրտչյան փ., Տեքստիլ կոմբինատի գլխավոր մուտք, կապույտ քարի մոտ

Մարդն իր գոյության առաջին իսկ օրից հակված է եղել ստեղծագործելու, բայց միևնույն ժամանակ չի արժևորել այն, ինչ վերափոխել է: Այսօր մենք փորձում ենք տարածության մեջ տիրապետել ժամանակին, ստեղծել մի նոր բան՝ հիշելով դրա արմատները: Տարածքի հիշողությունը սնող հիմքն է նրա, ինչ մենք ստեղծում ենք այսօր, և ոչ թե արգելակն է ճահճացած անցյալի, որը սահմանափակում է ներկան: Սա իրերի այլընտրանքային վերակենդանացումն է, որը հզոր մագնիսական դաշտ է ստեղծում, ինչն էլ միավորել է մի խումբ արվեստագետների, որոնք փորձել են լսել քարերին ու խոսել նրանց լեզվով: Այս միաձուլման միջոցով մենք ստեղծում ենք ընթացք, որն ապագայում կարող է հանգեցնել Գյումրիում նոր արվեստի տարածքի ստեղծմանը. տարածք, որը կդառնա նոր գաղափարների և հնարավորությունների հարթակ: Մենք «քարը քարին ենք դրել»՝ չփոխելով հիմնաքարը, միևնույն ժամանակ դիտարկելով տարածքի արվեստայնացումն առանց դրա յուրացման: