Արվեստագետների համար երկրորդ բաց մրցույթի հաղթող նախագծերը հայտնի են

2018-ի հունվարի 8-ին Արվեստ Հայաստան հիմնադրամը ներկայացրեց այն 4 նախագծերը, որոնք աջակցություն ստացան «Արվեստի նախագծերի Ֆինանսական օգնություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հասցեագրված է արվեստագետներին եւ արվեստի խմբերին, որոնք աշխատում են տարբեր մեդիաներով, ներառյալ՝ կատարողական արվեստ, լուսանկարչություն, տեսա-ձայնային, թվանշային, մեդիա եւ հանրային արվեստներ:  

Հիմնադրամի Խորհրդատվական խորհուրդն ընտրել է հաղթող նախագծերը շուրջ 40 հայտադիմումներից՝ ստացված Հայաստանից եւ Սփյուռքից: Ընտրված նախագծերը կիրագործվեն 2018-ին:

Արմեն, Անդրիուս Հարությունյան (Հաագա, Նիդեռլանդներ)

Արմենը տեսաձայնային ինստալացիա է, որն օգտվում է տարբեր երկրներում ապրող հայ ստեղծագործողների վիդեո եւ աուդիո նյութերից: Արվեստագետը վերլուծության եւ վերաստեղծման կենթարկի գտնված նյութերը՝ կազմելով նոր պատումներ: Աշխատանքն իրենից կներկայացնի վինիլ՝ համադրված վիդեո արտապատկերման (պրոյեկցիա) հետ: Այն խնդրականացնում է պատկանելության, ինքնության եւ յուրացման գաղափարները ձայնային եւ տեսողական մեդիաների միջոցով:

Բնությունը արյունով, Մհեր Ազատյան (Երեւան, Հայաստան)

Իր հետազոտական ճամփորդությունների ընթացքում արվեստագետը նպատակ ունի լուսանկարել եւ ստեղծել արվեստի խոսքեր, որոնք բացահայտում են մարդու ճանապարհը: Իր լուսանկարներում նա փորձում է փոխանցել առօրյայի պարզագույն մակարդակը, որը  յուրաքանչյուրինն է՝ անկախ նրանից, թե մարդիկ ինչքան տարբեր կլինեն իրենց հույսերի եւ միայնության մեջ:

Թվաբանական իրականություն, Սահակ Պողոսյան (Երեւան, Հայաստան)

Թվաբանական իրականությունն առնչվում է մարդուն «մարդ» դարձնող ամենակարեւոր զգացումներից մեկին՝ պարտքի զգացմանը: Մարդիկ պետք է վճարեն ամեն ինչի, այդ թվում՝ իրենց նյութական եւ հոգեւոր պահանջների համար, եւ ցանկացած իրավիճակում դա պետք է լինի թափանցիկ կերպով: Մարդիկ, ում մենք հանդիպում ենք, պետք է վստահեն մեզ եւ հավատան, որ մենք կյանքում երբեւէ չենք ունեցել չվճարված հաշիվներ՝ «չեկեր»: Արվեստի գործի միջոցով արվեստագետը հաշվետվություն է ներկայացնում հանրությանը վերջին 20 տարում իր վճարած յուրաքանչյուր ցենտի համար:

Գյուլիզար տատը եւ այլ պատմություններ, Ռեբեկա Թոփակյան (Վենսեն, Ֆրանսիա)

Գյուլիզար տատը եւ այլ պատմությունները բանաստեղծական եւ տեսողական հետազոտություն է ընտանեկանի եւ ինքնության առասպելների կառուցման շուրջ: 100 տարի առաջ արվեստագետի մեծ հայրը, ում նա երբեք չի ճանաչել եւ ով երբեք չի խոսել իր անցյալից, եկել է Ֆրանսիա, եւ 100 տարի անց արվեստագետը որոշում է գալ Հայաստան՝ փնտրելու այն տեսողական նշանները, որոնք ետ են կանչում հայ լինելու վերաբերյալ նրա պատկերացումները:


***
2017-ին Արվեստ Հայաստան հիմնադրամը արվեստագետների համար նախաձեռնեց 2 Բաց մրցույթ եւ ստացավ շուրջ 95 հայտադիմում Հայաստանից եւ Սփյուռքից: Դրանցից 10-ն իրագործման համար ստացան ֆինանսական օգնություն: Հաջորդ Բաց մրցույթը կկայանա 2018-ին. հայտադիմումները կընդունվեն հունվարի 10-ից մինչեւ մարտի 12-ը: