Արվեստագետների համար երրորդ բաց մրցույթի հաղթող նախագծերը հայտնի են

2018 թ. Հուլիսի 26-ին Արվեստ Հայաստան հիմնադրամը ներկայացրեց այն 4 ծրագրերը, որոնք աջակցություն կստանան «Արվեստի նախագծերի ֆինանսական օգնություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հասցեագրված է արվեստագետներին և արվեստի խմբերին, որոնք աշխատում են տարբեր միջոցներով, ներառյալ՝ կատարողական արվեստ, լուսանկարչություն, տեսա-ձայնային, թվանշային, մեդիա և հանրային արվեստներ:

Հիմնադրամի Խորհրդատվական խորհուրդն ընտրել է հաղթող նախագծերը շուրջ 34 հայտադիմումներից՝ ստացված Հայաստանից և Սփյուռքից: Ընտրված նախագծերը կիրագործվեն 2019-ին:

ՀԵՏՆՈՐԴ (DESENENDANT), Քամի Աբրահամյան (Նյումարքեթ, Կանադա)

ՀԵՏՆՈՐԴ-ը միջսերնդային, տարբեր միջոցներ ներառող պատումային նախագիծ է, որը ներկայացնում է արվեստագետի նախնիներից վեց կանանց պատմությունները: Նկարիչը կստեղծի խոշորամասշտաբ, տարբեր միջոցներ ներառող արվեստի գործեր, որոնք միահյուսում են յուրաքանչյուր պատմության տեքստային և հիմնարար մանրամասները:

Նկարչի դիտավորությունն է ուշադրություն հրավիրել իր նախնիների ֆեմինիստական պատումների վրա ու միևնույն ժամանակ այդ գործընթացում վեր հանել իրենց իսկ սփյուռքահայ-արևմտյան մոտեցումը: Պատումն ու արվեստը որպես զույգ կապրեն կողք կողքի՝ տան նմանվող մի տարածքում, ինչի արդյունքում այս ստեղծագործությունը և հանդիսատեսը կհայտնվեն ավանդական–տնական մի վայրում: ՀԵՏՆՈՐԴ–ը, ստեղծվելով այն դիսկուրսի շրջանակներում, թե ինչն է իրապես ֆեմինիստական, ինչը՝ ոչ, բարձրացնում է այն հարցը, թե ինչպես ենք ընկալում և պատկերացնում այս դիսկուրսը՝ համապատասխանաբար նախնիների, պատմության և մշակույթի առնչությամբ:

Տեսա–ձայնային ինստալյացիա՝ հիշողության և պայքարի վերաբերյալ (Audio-visual installation on memory and struggle), Վահրամ Աղասյան (Երևան, Հայաստան)

Այս աշխատանքը Երևանի սոցիալական շարժումների մեջ ներգրավված հիմնական մարդկանց հետ հարցազրույցների հավաքածու է, որը բաղկացած է երկու մասից`տեսողական և ձայնային: Ձայնային մասը նախատեսված չէ՝ լրացնելու համար պատկերին կամ հակառակը, այլ երկուսը միաժամանակյա են:

Ձայնային մասը տարբեր շարժումների ակտիվիստների հետ անցկացրած հարցազրույցների հավաքածու է: Հարցազրույցի նպատակն այնքան էլ հուշեր արթնացնելը չէ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել և թե ինչպես է այն տեղի ունեցել: Ընդհակառակը, դա քննարկում է այն մասին, թե ինչն է քաղաքական, և թե մենք ինչը կարող ենք լայն առումով անվանել քաղաքական: Տեսողական մասը թվային կերպով մշակված պատկերների հավաքածու է, որոնք ձեռքով նկարվել են ցուցապաստառների վրա: Այս նպատակով օգտագործվում են անձնական արխիվներից հավաքված պատկերներ, իսկ ցուցապաստառների վրա ներկայացված են տրամաբանական և զգացմունքային կրիչները, այլ ոչ թե պատմական կողմը:

Անպատ սենյակը (The Unwalled Room), Վիգեն Գալստյան (Երևան, Հայաստան)

Անպատ սենյակը ինստալյացիա է, որը բաղկացած է լուսանկարչական չորս շարքից, որոնք գործ ունեն հավաքական հիշողության խնդիրների հետ` լուսանկարի միջոցով: Օգտագործելով արխիվային, գտնված և հետազոտական ​​պատկերներ, որոնք վերաբերում են Հայաստանի խորհրդային ժամանակաշրջանի ժառանգությանը, նկարիչը հետազոտում է, թե լուսանկարչությունն ինչպես է մշտապես վերարտադրում պատմական հետքերը՝ որպես նոր փորձառություններ՝ այդպիսով անընդհատ փոխելով անցյալի մեր ընկալումները:

Արխիվի մեջ մեկտեղելով վերջին տասնամյակում մշակված համադրողական մեթոդները և արխիվում գեղագիտական ​​ու հայեցակարգային միջամտությունները` նկարիչը նպատակ ունի ստեղծելու չորս, իրար հաջորդող ստեղծագործություններ, որոնք քննադատորեն հարցադրում են Հայաստանի 20-րդ դարի անցյալի հիշատակը՝ դրա լուսանկարչական հետքերի միջոցով: Արվեստագետն ուսումնասիրում է, թե ժամանակակից առասպելաբանություններն ինչպես են ձևավորվում լուսանկարչական պատկերի օգտագործման և դրա հետագա տարածման միջոցով`որպես հիշողության ապացույցներ, շտեմարան և բեմադրում, և թե ինչպես կարող է լուսանկարչությունը դառնալ նաև այդ կառույցները կազմաքանդելու և վերլուծելու միջոց:

Նոր Երևանի առաջին փողոցը, Օլգա Զովսկայա (Կիև, Ուկրաինա)

Արվեստի այս ​​նախագիծը վերաբերում է այն քաղաքային հանրային տարածքներին, որոնք առաջացան Երևանում՝ 1960-ականների սկզբին Խորհրդային Միությունում մոդեռնիստական ճարտարապետությանը և քաղաքաշինությանն անցնելու հիմնարար փոփոխությունների ժամանակ, ինչպես նաև այն նոր հասարակական հարաբերություններին և քաղաքային մշակույթին, որոնք ձևավորվեցին այս քաղաքում 60-ականներին և 70-ականներին՝ այս նոր քաղաքաշինական միջավայրի ազդեցության տակ:

Անդրադարձը 60-ականների Երևանի փորձին, որն այդ ժամանակվա ԽՍՀՄ-ի համար շատ առումներով եզակի էր, հնարավորություն է ստեղծում նայելու ժամանակից իրողությանը, այդ ժամանակաշրջանի տեսանկյունից հասկանալու անցյալի կորսված ուտոպիական իմպուլսը և օգնում է տեսնել այսօրվա տարածական, ինչպես նաև սոցիալ-քաղաքական ճգնաժամերի լուծման այլընտրանքային և հնարավոր ուղիներ:

Ծրագիրն իրականացվելու է «Արվեստի կոմունա» արվեստագետների միջազգային ռեզիդենս–ծրագրի շրջանակներում (“Art Commune” International Artist-in-Residence Program, ACSL)։