Գուլիզարը և սիրային այլ պատմություններ, Ռեբեկա Թոփակյան

Մեծ հայրս` Հայկ Թոփակյանը Ստամբուլից տեղափոխվել է Մարսել 1920-ականներին: Նա երբեք չի խոսել իր կյանքի մասին, ոչ էլ իր ընտանիքի պատմությունն է պատմել: Միակ պատմությունը, որ փոխանցվել է սերնդեսերունդ, իր ծնողների`Հաջի Կարապետ Գեւորգ Թոփաքյանի եւ Գուլիզարի սիրո պատմությունն է, որն ավելի շուտ հեքիաթային, առասպելական շարադրանքի է նման: Հաջի Կարապետ Գեւորգ Թոփաքյանը բաստուրմայագործ էր` Կոստանդնուպոլսում նրան «բաստուրմայի արքա» էին անվանում, իսկ Գուլիզարը արքայադուստր էր: Աղջկա ծնողները դեմ են կանգնել այդ ամուսնությանը, եւ Կարապետը, ձին հեծնած, գիշերով ճամփա է ընկել եւ առեւանգել է Գուլիզարին: Մեր ընտանիքի հայկական գիծն ու տոհմաբանությունը միշտ տղամարդկանց է ներկայացրել, մինչդեռ Գուլիզարի կերպարը մնացել է ստվերում` սուբյեկտային հատկանիշներից զուրկ: Գրեթե հարյուր տարի անց ես եկել եմ Հայաստան. մեծ հայրս` Հայկ Թոփաքյանը այստեղ երբեք չի եղել: Եկել եմ խորհելու ինքնության, մեզ միավորող ու տարբերող հատկանիշների, երկրի շուրջ իմ երեւակայածի ու պատկերացումների մասին, ինչը, սովորաբար, հեքիաթային պատումների ձևով է ինձ հրամցվել: Փորձում եմ նոր մի Գուլիզար ստեղծել` վերագտնելով կնոջ սուբյեկտիվույթյունը եւ համադրել անցյալից ինձ հասած ընտանեկան սիրո պատմությունը սիրային այլ երեւակայված պատմությունների հետ այսօրվա Հայատանում: Այս նախագծում գերիշխում է ներանձնականը, ինտիմը. այն ցանկության եւ պատրանքի, երեւակայական «մայր-ենիքի» (կնոջ) մասին է, որն իմ ընտանիքի դեպքում ավելի շատ « հայր-ենիքն» է` տղամարդը: Նախագծում դիտարկվում է սեռական ինքնության, կնոջ «հայացքի» եւ նրա էրոտիկ ցանկության խնդիրը: Արվեստում եւ այլուր կնոջ մարմինն ու կերպարների շարանը ներկայացվել են տղամարդկանց կողմից` այր արվեստագետն է սահմանել կնոջ մարմնականության հաճեալ, գեղեցիկ կամ անճոռնի լինելը: Ուստի ես հեղա-շրջում եմ կնոջը օբյեկտայնացնող, նրան կրավորական կեցվածքի մեջ պահող այրական հայացքը: Տղամարդն է, որ դառնում իմ եւ Գուլիզարի ցանկության օբյեկտը, եւ Գուլիզարն է այլեւս իր պատրանքների եւ ցանկության տերը:

Ռեբեկա Թոփակյան

Նկարները՝ Ռեբեկա Թոփակյանի