Զրույց արվեստագետի հետ, Անդրիուս Հարությունյան

Անդրիուս Հարությունյանը Նիդեռլանդներում բնակվող լիտվահայ կոմպոզիտոր և հնչյունային արվեստագետ է: Նրա երաժշտությունն ուսումնասիրում է որոշակի պատմությունների սոցիալ-մշակութային կողմերը` դրանց հնչյունային արվեստի նմուշների միջոցով՝ հաճախ գործ ունենալով ինքնության, հնչյունային յուրացման և աղմուկի ու ձայնի սահմանագծերի հետ: Թե՛ հնչյունային վերա–գործիքավորման և թե՛ վերա–կազմավորման գաղափարները Հարությունյանի պրակտիկայի կարևոր բաղադրիչներն են: Նրա ստեղծագործությունները բաղկացած են տարբեր անսամբլների, հնչյունային ինստալյացիաների և բազմամեդիա գործերի համար էլեկտրոակուստիկ ստեղծագործություններից, ինչպես նաև սոլո էլեկտրոնային և տեսաձայնային միավորներից (sets): Հարությունյանի գործերը պատվիրել կամ կատարել են Slagwerk Den Haag, Nadar, MAZE, Ensemble Modelo62, Synaesthesis և այլ ժամանակակից երաժշտական ​​խմբեր: Նրա աշխատանքը վերջերս ցուցադրվել է 14 Parliament of Bodies (Դանիա), Contemporary Art Centre (Լիտվա), Melos-Ethos (Սիեռա Լեոնե), deSingel (Բելգիա) և MAZE Festival (Նիդեռլանդներ) և այլ վայրերում։ Անդրիուս Հարությունյանի աշխատանքները հրատարակվել են Donemus–ի կողմից։

ԱՐՄԵՆը հիմնված է հայտնաբերված հնչյունային այնպիսի նյութերի վրա, որոնք ստեղծել են արտասահմանում բնակվող հայերը: Պատմական պատճառներով` հատկապես Հայոց ցեղասպանության հետևանքով հայկական սփյուռքը ներկայումս խոշորագույններից մեկն է աշխարհում և տարածված է տարբեր մայրցամաքներում: Երբ հասարակությունը բախվում է այդպիսի զանգվածային աքսորի հետ, այն փորձում է վերստեղծել իր արժեքային կառույցները` ամրապնդելով սեփական մշակութային պրակտիկաներն ու ծեսերը: Այս առնչությամբ երաժշտությունը դառնում է համայնքներին համախմբող գործունեության հիմնական տեսակներից մեկը: Որպես այդպիսին, երաժշտությունը բնականաբար կրում է այլ մշակույթների և պրակտիկաների ազդեցությունները՝ կախված այն բանից, թե գաղթօջախները որտեղ են հիմնվել: Արդյունքում, երաժշտական ավանդույթները հեշտությամբ հարմարվում են և ձևափոխվում, հաճախ հեռանալով իրենց «իսկական» արմատներից և փոխարենը հին գիտելիքները նոր ազդեցությունների հետ կապելով:
Այսպիսով, ԱՐՄԵՆը հիմնված է 70-ականներից ընդհուպ մինչև 90-ականները հայ սփյուռքի կոմպոզիտորների և պրոդյուսերների ստեղծած երաժշտության վրա. սա իմ հոր սերունդն է, ով արտագաղթել է Հայաստանից։ Այս երաժշտական գործերը հավաքվել են Հայաստանում իրականացված աշխատանքների ընթացքում, մասնավորապես, հայտնաբերված վինիլային ձայնագրություններից և ձայներիզներից: Բոլոր ընտրված կատարումները՝ հիմնականում փոփ և դիսկո, բնութագրվում են հայրենաբաղձության որոշակի զգացողությամբ և օգտագործում են ավանդական հայկական երաժշտական ​​տարրեր՝ այդպիսով փորձելով վերստեղծել որոշակի «հայկական» զգացողություն: ԱՐՄԵՆում այս բոլոր կատարումները մանրակրկիտ կերպով մասնատված են և կրկին հավաքված՝ վերափոխելով ոչ միայն երաժշտությունը, այլև վերստին կառուցելով դրանց պատումները: Բնօրինակ նյութի արձագանքներին ավելացվել են ազդանշաններ, աղմուկներ և էլեկտրոնային «գլիչ» կոմպոզիցիաներ` վերարտադրելով այն երաժշտական ​​կառույցները, որոնք ստեղծում են դրանց «հայկական» հնչողությունը: Այսպես ստեղծված լինելու արդյունքում աշխատանքը ոչ միայն իրար է կապում համաշխարհային հայկական սփյուռքի երաժշտության տարբեր աղբյուրներ, այլև հարցադրում է այն, թե ինչպես են ձևավորվում ու վերափոխվում էթնիկ և մշակութային ինքնությունները: Քանի որ հայ երաժշտության նմուշները հավաքված են հիմնականում քիչ հայտնի վինիլներից, ԱՐՄԵՆ-ի հնչյունային մասը թողարկվում է որպես սահմանափակ քանակով վինիլային ձայնագրություն՝ երաժշտական ​​օբյեկտը վերադարձնելով անալոգային ոլորտ:

ԱՐՄԵՆ-ն արտացոլում է ոչ միայն արվեստագետի՝ սոցիալական և մշակութային միգրացիայի անձնական փորձը, այլև հարցադրում է ինքնին միգրացիայի գաղափարը՝ մասնավորապես, թե այն ինչպես է ազդում հասարակությունների և նրանց մշակույթների վրա: Ստեղծագործության վերնագիրը նույնպես արտացոլում է այս թեմա. «Արմենը» աշխարհի հազվագյուտ անուններից է, որն ուղղակիորեն բխում է իր ազգի անվանումից: Թերևս զարմանալի չէ, որ Արմենը նաև ողջ աշխարհում սփյուռքահայերի ամենահայտնի անուններից մեկն է: Սփյուռքի, «դրսի» և ինքնության այս գաղափարները դարձել են ԱՐՄԵՆ-ի առանցքային թեմաները: Այսպիսով, արտագաղթի հետևանքով ստեղծված հնչյունային նյութի երաժշտական վերափոխման միջոցով ստեղծագործությունը բարձրացնում է ինտեգրման, մշակութային յուրացման և մշակութային ինքնության ճկունության հարցերը՝ ինչպես հայկական, այնպես էլ առավել լայն համատեքստերում:

Ծրագիրն իրականացվում է Արվեստ Հայաստան հիմնադրամի աջակցությամբ՝ Արվեստի նախագծերի ֆինանսական օգնության շրջանակներում:

 

Շաբաթ, սեպտեմբերի 1, 17:30
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Հասցեն՝ Արշակունյաց պող. 28, Երևան, ՀՀ

Երեքշաբթի, սեպտեմբերի 4, 16:00
Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
Հասցեն՝ Գայի 1, Գյումրի, ՀՀ