Իմ տեղը դատարկ է (Անհետացող քաղաքի հիշողությունները), Փիրուզա Խալափյան
Փիրուզա Խալափյանը երիտասարդ լուսանկարիչ է, անդամակցում է «4 պլյուս» վավերագրող լուսանկարիչների խմբին, որը նպատակ ունի միավորելու Հայաստանի կին լուսանկարիչներին: Իր նախագծերում Փիրուզան վերհանում է առօրյա կյանքի պատումները՝ հարցաքննելով ազգային եւ անհատի ինքնության, կոլեկտիվ հիշողության, խորհրդայինի եւ հետխորհրդայինի թեմաները: Ապրում եւ աշխատում է Երեւանում, Հայաստան:
Իմ տեղը դատարկ է (Անհետացող քաղաքի հիշողությունները) նախագծում Փիրուզան փնտրում է նոր եղանակներ՝ ներկայացնելու տրավմատիկ անցյալը, որը նյութ է պատկերի համար, բայց ոչ միայն. այն սուբյեկտի՝ պատմողի անձնական փորձառությունն է: Արվեստագետը նկարագրում է փուլ եկող, կործանվող ու անհետացող Մեծամորը՝ իր հայրենի քաղաքը, անձնական փորձառությունների միջոցով, որոնք կապված են որոշակի թեմաների հետ: Նախագիծը կազմված է գլուխներից, որոնցից յուրաքանչյուրը հարցեր է վերհանում՝ ստեղծելով անցյալի ու ներկայի պատկերներ: Իրականացման ընթացքում գլուխները կարող են ավելանալ կամ պակասել: Քանզի մենք գործ ունենք կենդանի պատմության հետ, այն կարող է թելադրել իր սեփական կանոնները:
Նախագիծն իրականացվում է Արվեստ Հայաստան Հիմնադրամի «Արվեստի նախագծերի ֆինանսական օգնություն» ծրագրի շրջանակներում: