Ձայնալաբ. արվեստի, գիտության եւ տեխնոլոգիայի փորձարարական հարթակ
Արվեստ Հայաստան Հիմնադրամը եւ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը նախաձեռնում են Ձայնալաբը՝ արվեստի, գիտության եւ տեխնոլոգիայի փորձարարական հարթակը: Ձայնալաբը արվեստի հետազոտական կացարան է, որը կկայանա 2019-ի ապրիլ-օգոստոս ամիսներին, Գյումրիում: Այն կվարի կոմպոզիտոր, դաշնակահար եւ ձայնային արվեստագետ Վարդան Հարությունյանը:
Ձայնալաբը նպատակ ունի ստեղծելու արդյունավետ միջավայր ձայնարվեստում հետազոտության, փորձարկումների, արտադրության եւ ներկայացման համար: Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում հյուրընկալվող ծրագիրը ոգեշնչված է Գյումրից եւ ակտիվորեն հարաբերվելու է քաղաքի եւ նրա առօրյայի հետ տարաբնույթ հանրային միջոցառումներով եւ արվեստային միջամտություններով:
Արվեստի կացարանում առաջին համագործակցային հետազոտությունը կընթանա «Ալիք >> Լեզու» խորագրի ներքո: Ալիքը կյանքի եւ էներգիայի կառուցվածքում հիմնական ձեւերից է: Ալիքների անվերջ տատանումները ստեղծում են բացառիկ «լեզու» եւ կազմակերպում են տեղեկատվությունը մեզ ծանոթ իրականությունում:
Արվեստային հետազոտության մեկնարկային կետերից մեկը հաճախակագրի՝ սպեկտոգրամի գաղափարն է, որը ձայնի, լույսի, մաթեմատիկական ֆունցիաների կամ պատմական ընթացքների տեսողական ներկայացումն է, եւ թե ինչպես են դրանք փոփոխվում ժամանակի հետ: Այս ընթացքներն իրենց ալիքային ֆունկցիաներով ներկայացնող սպեկտրոգրամը լայն հնարավորություններ է ընձեռում՝ մտածելու ձայնի, ալիքի եւ լեզվի օգնությամբ:
1988-ին կենսախինդ Գյումրին ավերակած սեյսմական ալիքները, ինչպես նաեւ քաղաքի սոցիալական եւ մշակութային լանդշաֆտը, որն իր վրա կրում է տեղական եւ համաշխարհային պատմության ալիքները, կհանդիսանան արվեստային հետազոտությունների երկրորդ ֆոկուսը: Այսօր, երբ քաղաքը դանդաղորեն վերականգնվում է, եւ նրան պակասում են նոր պատումները, «Ալիք>>Լեզու» թեմայի համալիր գաղափարները կարող են միանալ նորացող Գյումրիի ձայնային թրթիռներին:
Ենթադրամաշնորհը իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Բաց հրավեր՝ արվեստագետներին
Ձայնալաբը հրավիրում է Հայաստանում ապրող եւ ձայնի փորձարարությամբ զբաղվող կոմպոզիտորներին եւ արվեստագետներին ուսումնասիրելու «Ալիք>>Լեզու» թեման, ինչպես նաեւ բազմակողմ արվեստային հետազոտություն անցկացնելու Գյումրիի արվեստի կացարանում բնակվելու ընթացքում:
Բաց մրցույթը՝ 16 փետրվարի- 15 մարտի, 2019
Ընտրված նախագծերի հայտարարումը՝ 23 մարտի, 2019
Արվեստի կացարանի ժամկետները՝ ապրիլ-օգոստոս, 2019