Բենջի Բոյաջյան

Քարտեզագրելով եւ նկարելով Գյումրին. Բենջի Բոյաջյան
Վարպետության դաս

 
Չորեքշաբթի, հուլիսի 26
12:00-18:00,Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ
Հասցեն՝ Աբովյան 242, Գյումրի
Գրանցվել
 
Վարպետության դասն առաջարկում է բացահայտել Գյումրին հոգեաշխարհագրության եւ ածանցման հղացքների մեթոդներով: Խաղային այս փորձառությունն առաջարկում է քաղաքի հիշողության այլընտրանքային քարտեզ: Փորձառությունն իրենից ներկայացնում է քաղաքում ինքնաբուխ, առանց կանխակալ մտքերի պտույտ, որի ընթացքում ըստ զգացողությունների ընտրվում են տարբեր դիտարկման վայրեր: Յուրաքանչյուր մասնակից ընտրում է մեկ կամ մի քանի վայր (դիտանկյուն), որպեսզի պատկերազարդի այն. նկարելու միջոցն ընտրված է որպես գործիք, որը տալիս է զննելու եւ խորհրդածելու ժամանակ: Հավաքված նյութերով եւ յուրաքանչյուր մասնակցի փորձառության միջոցով ստեղծվում է ընդհանուր այլընտրանքային քարտեզ:
 
Բենջի Բոյաջյանը ծնվել է 1983 թվականին, Երուսաղեմում, որտեղ եւ ապրում ու աշխատում է։ Բոյաջյանի գործերը հետազոտությունների հենքի վրա կառուցվող նախագծեր են, որոնք խորամուխ են լինում պատմական ժառանգության, տարածքի, ճարտարապետության եւ բնապատկերի թեմաներում։ Նա հիմնվում է նկարի եւ գծանկարի վրա՝ որպես իր նյութը փոխանցող առաջնային գործիքների։ Նրա իրապաշտական կտավները որսում են լքված, բուսականությամբ ծածկվող եւ մերօրյա ծավալման ճնշման ներքո անհետացող ավերակների պատկերները, որ դեռ հանդիպում են Երուսաղեմի մերձակայքում (օրինակ՝ Վադի Ալ-Շամիում կամ հին հռոմեական ակվեդուկում)։ Նա փաստագրում է դրանք՝ իբրեւ արդեն անցալի գիրկն անցած հուշարձաններ։
 
Նրա աշխատանքների վերջին ցուցադրությունները ներառում են. 2017. AQUA, Արդի արվեստագետներն ու ջրի հիմնախնդիրները, Պենթես դղյակ, Ժնեւ. Աններդաշնակություն, Ալ-Մամալ եւ Անդեիլ պատկերասրահներ, Երուսաղեմ։ 2016. Հետքեր, Արվեստասենյակ, Կիրենիա, Կիպրոս. Jerusalem Show VIII: Before and After Origins, Ժամանակակից արվեստի Ալ-Մամալ հիմնադրամ, Երուսաղեմ, Իսրայել։ Մեզ դպրոց էին խոստացել, մեզ լողավազան էին խոստացել, «Սկանե» արվեստի միություն, Լունդ, Շվեդիա։ Անցման գծեր (մեդիա պատկերայնությամբ), Միտիլինիի քաղաքային պատկերասրահ, Լեսվոս, Հունաստան։ 2015. Գիծ, Արվեստասենյակ, Կիրենիա, Կիպրոս. Ոտք դնելով սահմանից անդր, Եւրոպական միջերկրական արվեստի ասոցիացիա (EMMA), Նիկոսիա։ Համատեղ կրոնական վայրեր, Եվրոպական եւ միջերկրական քաղաքակրթությունների թանգարան (MuCEM), Մարսել։
 
* Հոգեաշխարհագրությունը (psychogeography) նկարագրում է աշխարհագրական տարածքի ազդեցությունն անհատների զգացմունքների եւ վարքի վրա:

 

Ժամանակավոր ավերակը գործից, 2014
Թանաք՝ թղթի վրա, 55×75 սմ
Տրամադրել է արվեստագետը