Timewave. Թանգարանային գիշերը Ասլամազյան քույրերի պատկերասրահում

«Ելք դեպի քաղաքներ» նոր ծրագրի շրջանակներում Արվեստ Հայաստան հիմնադրամն առաջարկում է փորձարարական տեսաձայնային կատարում՝ «Ժամանակի ալիքները»: Բացահայտեք Ասլամազյան քույրերի թանգարանի մշտական հավաքածուն, օգտվեք բարի խմիչքներից և մասնակցեք արվեստագետներ Աննա Վահրամիի և Վարդան Հարությունյանի կենդանի կատարմանը, որն առնչվում է նկարիչներ Մարիամ և Երանուհի Ասլամազյանների գաղափարներին ու աշխատանքներին:

Արվեստ Հայաստան հիմնադրամը սկսում է նոր՝ «Ելք դեպի քաղաքներ» ամենամյա ծրագիրը: Այն խրախուսում է արվեստային համայնքի ներգրավվումը, համագործակցությունն ու միջամտությունները Հայաստանի քաղաքների կյանքում: Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր երկրի տարբեր քաղաքների մասնագետների և լայն լսարանների ներքին կապերը, ինչպես նաև վերարդիականացնել և թարմացնել Հայաստանի արվեստային քարտեզը: Ծրագրի առաջին ուղղությունն իրականացվում է Թանգարանային գիշեր 2018-ի շրջանակներում, Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի հետ համագործակցությամբ:

Մարիամ և Երանուհի Ասլամազյանները՝ ազդվելով իրենց ուսուցիչներից՝ Միխայիլ Լարիոնով, Վերա Մուխինա, Կուսմա Պետրով-Վոդկին, Իլյա Ռեպին, նվիրել են իրենց արվեստային գործունեությունը ժամանակի կարեւոր խնդիրներին՝ նպաստելով հասարակության մեջ կին արվեստագետների դերի ամրապնդմանն ու ազգային ինքնության կերտմանը Հայաստանի առաջին և երկրորդ հանրապետությունների տագնապալի ժամանակներում (Երկրորդ աշխարհամարտ, խրուշչովյան ձնհալ և «Պերեստրոյկա»): Նկարիչ քույրերը ծնվել են 1907 և 1910 թթ. Կարսի մարզի Բաշ-Շիրակ գյուղում, ապրել են Լենինականում (Գյումրի), Մոսկվայում և Լենինգրադում (Սանկտ-Պետերբուրգ):

Տեսաձայնային կատարումը տեսողական արվեստագետ Աննա Վահրամիի և ձայնային արվեստագետ Վարդան Հարությունյանի համագործակցության արդյունքն է: Այն հիմնված է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի մշտական հավաքածուի և արխիվների ուսումնասիրության և վերանայման վրա: 

Որպես թվանշային փորձառություն՝ «Ժամանակի ալիքները» նպատակ ունի ուժեղացնելու թանգարանի բացահայտման ֆիզիկական փորձառությունը, եւ պարզելու, թե արդյոք իմպրովիզացիայի համար տեղ կգտնվի՞ թանգարանում. կարե՞լի է արդյոք «խաղալ» թանգարանի դասական ժառանգության հետ: 

Աննա Վահրամիի և Վարդան Հարությունյանի կատարումը կներկայացնի Ասլամազյան քույրերի կյանքի և ստեղծագործության 6 ենթադիսկուրսները. գենդեր և ֆեմինիզմ, պետպատվեր և ինքնագաղութացում, հարմարվողականություն և անձնական, ստեղծագործական ազատություն, ընտանիք և ինքնություն: 

Կատարման ընթացքում իրական ժամանակում միախառնվում են կենդանի էլեկտրոնային ձայնային կոմպոզիցիան եւ դրան արձագանքող տեսողական ստեղծագործությունը, որը ներկայացնում է Ասլամազյան քույրերի արխիվն ու նրանց ժամանակը:

Թանգարանային գիշերվա ավարտից հետո շուրջ մեկ ամիս թանգարանում տեղ կգտնի նաեւ մի փոքրիկ արվեստային միջամտություն: 1987 թվականին պատկերասրահի բացման համար Մարիամ Ասլամազյանն արել է քույրերի աշխատանքները միավորող էքսպոզիցիա: Հիմնվելով արխիվային էսքիզների և նշումների վրա՝ ԱՀՀ համադրող Սոնա Ստեփանյանը թանգարանի աշխատակիցների հետ կվերստեղծի Ասլամազյանի ցուցահանդեսային պլանի մի մասը:

Արվեստ Հայաստան հիմնադրամ
Ելք դեպի քաղաքներ. Թանգարանային գիշեր
Ժամանակի ալիքները 
Արվեստագետներ` Վարդան Հարությունյան, Աննա Վահրամի
Համադրող` Սոնա Ստեփանյան
Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Գյումրի
Շաբաթ, մայիսի 19, 2018
20:00 — 22:00, տեսաձայնային ներկայացում
11:00 — 19:00, ցուցահանդեսի անվճար խմբային շրջայց յուրաքանչյուր ժամը մեկ