viennacontemporary 2018, Ֆոկուս. Հայաստան

Կազմակերպիչ՝ Արվեստ Հայաստան հիմնադրամ

Համադրող՝ Սոնա Ստեփանյան

Սեպտեմբերի 27-30, Վիեննա, Ավստրիա

 

 

ԵՐԱԶԵԼՈՎ ԱՐԹՄՆԻ

 

Սիրո եւ համերաշխության թավշյա հեղափոխությունը, որը տեղի ունեցավ 2018-ի մայիսին, աշխարհի ուշադրությունը հրավիրեց Հայաստանի՝ հարավկովկասյան նախկին խորհրդային երկրի վրա: Երիտասարդ պետության պատմության մեջ այս աննախադեպ իրադարձությունը վիճարկեց մասնագիտական ինքնության սահմանները՝ առցանց եւ համացանցից դուրս միավորելով քաղաքացիներին, եւ ջնջեց հեռավորությունը կենտրոնի եւ ծայրամասի միջեւ Հայաստանի Հանրապետության Հրապարակը քայլ առ քայլ նվաճելու ճանապարհին: Այս հեղափոխությունն առանձնատուկ է նաեւ նրանով, որ հաջողությամբ ջնջում է սահմանները արվեստայինի եւ ոչ արվեստայինի միջեւ, երբ քաղաքական հարթակից հնչած յուրաքանչյուր բառ անմիջապես վերամեկնաբանվում է արվեստային համատեքստում, իսկ քաղաքական գործիչները կիրառում են բառեր, որոնք մշակվել են արվեստանոցներում: Վերջապես, ստեղծվել է երկխոսային տարածություն՝ ի հակադրություն այն հիերարխիկ տարածքի, որը ճնշում էր արվեստագետին՝ դարձնելով նրան անկարեւոր ու լուսանցքային:

 

Արվեստային վարմունքը բողոքի միակ միջոցն էր մինչ այժմ: Հայաստանում ավտորիտար համակարգերի դեմ պայքարող մշտական ու աներեւույթ մարտիկները՝ արվեստագետները, մոտեցան իրենց երազանքին եւ հայտնվեցին անցումային իրադրության մեջ, որի տրամասական (դիսկուրսիվ) սահմաններն առայժմ հստակ ձեւակերպված չեն: Ռոմանտիկ 80-ականները պերեստրոյկայի իշխանության ներքո բերեցին ազատության առաջին շունչն ու անհնազանդությունը պաշտոնական կառույցներին՝ միավորելով արվեստագետներին, բանաստեղծներին եւ երաժիշտներին, որոնք ակտիվ կերպով թողարկում էին մանիֆեստներ եւ ինքնահրատներ՝ ներկայացնելով «արեւմտյան արգելված» արվեստը Հայաստանում: Հավակնոտ 90-ականները ձեւավորեցին առաջին անկախ հիմնարկային (ինստիտուցիոնալ) օրակարգը (Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի հիմնադրումը (1992), Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարը (1995), Գյումրիի Ժամանակակից արվեստի բիենալեն (1998)), եւ ճանապարհ հարթեցին արվեստի նոր մեդիաների, մասնավորապես՝ վիդեոարվեստի եւ կատարման (փերֆորմանս) զարգացման համար: Դրան հաջորդեց 00-ականների փողոցային ակցիոնիզմը, որի պոռթկումից համերաշխության դաշինք կազմած արվեստագետներն ու ակտիվիստները նպաստեցին հայկական հանրային եւ փողոցային արվեստների առաջացմանը: Վերջապես, անհնար է չնշել «power nap» -ի՝ այն վհատության ու ապատիայի մասին, որն առկա էր այս պայքարի պատմության մեջ 10-ականներին, երբ ազատությունը ճնշող եւ չփոփոխվող իշխանության հանդեպ հուսալքությունը հարուցում էր արվեստային լճացում: Միեւնույն ժամանակ, Հայաստանում մշտապես առկա է եղել անդրականությունը՝ սփյուռքի ակտիվ արվեստային վարմունքը, որն արտացոլում է Հայաստանից դուրս տան գաղափարները: Բայց, այսպես թե այնպես, ներքին արվեստային գործունեությունները խթանվել են քաղաքական եւ մշակութային իրողություններից՝ հաճախ արտահայտվելով որպես ակնթարթային արձագանք, եւ միջոց՝ մնալու իրականության եւ պատրանքային կյանքի միջեւ:

 

Այսօր մենք ականատես ենք մի շրջադարձի, որը ճանապարհ է հարթում ներառական եւ արդյունավետ հիմնարկների եւ հավասար հնարավորությունների նոր համակարգի ստեղծման համար: Երազելով արթմնի նախագիծը ներկայացնում է Հայաստանի ժամանակակից արվեստի վերջին երեք տասնամյակի տրամասությունը՝ միավորված կատալոգների եւ հարցազրույցների միջոցով մեդիակենտրոնի տարածքում: Այն հաստատում է այսօրվա արվեստի քարտեզը եւ առաջարկում է հարաբերվել հայկական իրողություններին վեց ժամանակակից արվեստագետների վերանայումների միջոցով:

 

Ցուցահանդեսի առանցքը կազմում է Արվեստ Հայաստան Հիմնադրամի առաջին եւ երկրորդ բաց մրցույթներին հաղթած վեց նախագծերի ընտրանին: Ներկայացվող արվեստագետներն են՝ Այռին Անաստասը եւ Ռենե Գաբրին, Մհեր Ազատյանը, Արման Գրիգորյանը, Փիրուզա Խալափյանը, Ռեբեկա Թոփակյանը եւ Միկա Վաթինյանը:

 

Գործընկեր՝ դ’Արվեստանոց ճարտարապետական ստուդիա  (Երեւան, ՀՀ)

Աջակիցներ՝
Եվրոպայի, ինտեգրացիայի եւ արտաքին գործերի դաշնային նախարարություն
Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ)