Գաղտնի հավասարումներ, Միկա Վաթինյան

Գործունեության 25 տարիների ընթացքում ձևավորված Միկա Վաթինյանի արվեստային տեսլականին բնորոշ է անզուսպ անկարգությունը. հատկություն, որը նաև արտացոլում է ներկայիս հայ ժամանակակից արվեստի որոշակի առանձնահատկություները: Վաթինյանը բազմակողմ արվեստագետ է և պատկառելի ներդրում ունի կինոյի, թատրոնի, երաժշտության, դիզայնի ու լուսանկարչության ոլորտներում: Այս դիսկուրսիվ ու տարաբնույթ գործունությունը պարզորոշ ձևով իմաստավորվում է, երբ այն դիտարկում ենք Հայաստանի մշակութային դաշտի ներկա համատեքստում: Իր գործընկերներից շատերի նման Վաթինյանը ստիպված է հարմարեցնել արվեստային բացարձակ ազատության կարգավիճակը տնտեսական և քաղաքական իրողության կատարյալ անտարբերության հետ այնպիսի միջավայրում, որը զուրկ է ժամանակակից արվեստին աջակցող ու դրան սոցիալական հնչեղություն հաղորդող ենթակառուցվածքներից: Այս հակասական հանգամանքների ընդունումն է, որ Վաթինյանի ստեղծագործությանը փոխանցում է հրատապության ու այժմեականության զգացողություն:

Իր նախորդ փորձարարություններում արվեստագետը բացահայտել է լուսանկարչության հնարավորությունները որպես գրության ձև: Դիտարկելով այն միջոցները, որոնցով պատկերները վերածվում են սոցիալականացված կոդերի, Վաթինյանը հետաքրքրություն է տածում զանգվածային մշակույթի տարրական ու հաճախ գռեհիկ ճյուղավորումների հանդեպ, որոնք էսթետիկական «փրկություն» են գտնում լուսանկարչական վերափոխումների շնորհիվ: Մի կողմ թողնելով լուսանկարչական մեդիումների «բազմազանությունները», և ի հակառակ դրա՝ «Գաղտնի հավասարումները» անդրադառնում է գեղանկարչության միատարրությանը:  Տասնհինգ կտավ՝ յուրաքանչյուրը 200×150սմ, ներկայանում են դիտողին պարզ թվաբանական հավասարումների անկանոն շարվածքներով: Մաթեմատիկական հավասարումների այս նկարված տարբերակները եղծված են կամ յուղաներկով պատված, ինչը ստեղծում է գայթակղիչ առեղծվածներ ու առասպելներ սնող ընթացքներ:

Այսպիսով, թվերի «շղարշումը» դառնում է կրկնվող մի գործողություն, որի միջոցով նկարիչն անդադար վերադառնում է բուն նկարչության հարցին: Այդ խնդիրը բազմաթիվ անկյուններից դիտարկող Վաթինյանի կտավները ճոճվում են մանկամտության ու վեհի սահմանների միջև: Շարքը կազմող բոլոր տարբերակներում կարելի է գտնել քսաներորդ դարի ավանգարդիստական շարժումների պատմությանն առնչվող էսթետիկական կապեր` Դադայից ու Մալևիչից մինչև Ռաուշենբերգ և Կաբակով: Այդուհանդերձ, չարժե դիտարկել Վաթինյանի նրբագեղ ու խիստ գեղարվեստական ակնարկները որպես քսաներորդ դարի արդի արվեստի մինիմալիստական միտումների հեգնություն: Որպես 1970-ականների մոդեռնիզմի որոշ հիմնարար սկզբունքների և վաղ կոնցեպտուալ փորձարառությունների հետ երկխոսություն՝ այս կտավների առանցքային հարցադրումներն անխուսափելիորեն քաղաքական են: Ի՞նչումն է արվեստի խոստումը, երբ այն գայթակղում է չափազանց մեծ սպասելիքներով ու հետո մեզ թողնում շփոթված ու ապակողմնորոշված: Արվեստը, կարծես, ասում է Վաթինյանը, պատմության դաս չէ կամ ներկա իրավիճակը մեկնաբանող «թվիթ»: Այն տարածություն է, որը թույլ է տալիս մտածելու, թե ինչ տարբեր ձևերով մենք կարող ենք վերաբերվել իրականության մեր ընկալումների արմատական փոխակերպումներին:

Դպրոցական տնային աշխատանքի տետրակի էջերի նման Վաթինյանի նկարները հուշում են այն թաքնված համակարգերի մասին, որոնք մեզ դարձնում են սոցիալականացված ցանցերի մաս: Թերևս, այս շարքում կարելի է տեսնել արվեստագետի մեղմ զավեշտական «տուրքը» իր սովետական կրթությանը, որի կոշտ դետերմինիզմն ուղղված էր միատարր քաղաքացիության ստեղծմանը: Գուցե ներկի շերտերի տակ քողարկված բանաձևերը մատնանշում են այդ պարտված հարացույցերն ու գաղափարները, որոնք այլևս պահանջված չեն հասարակության կողմից:

Սակայն կտավները քիչ բանալիներ են տրամադրում հստակ եզրակացությունների համար: Դրանք տոգորված են միջնադարյան պատկերակալների առեղծվածային մթնոլորտով: Այդուհանդերձ, դրանցում չեք գտնի խորը մետաֆիզիկական կամ հոգևոր բացահայտումներ: «Կատարյալ» բծեր ստեղծելու արվեստագետի սևեռվածությունը դարձնում է կտավների միտումը միաժամանակ անհեթեթորեն զվարճալի և հուզիչ: Ավելին, իրենց մոնումենտալ մասշտաբով ու զայրացկոտ վրձնահարվածներով այս աշխատանքներն ասես արտահայտում են իրենց ցասումը տեխնոկրատական հասարակության պահանջած  անվերջ փոխակերպումների հանդեպ: Դժվար չէ տեսնել «Գաղտնի հավասարումները» որպես մեր տեխնոլոգիականացված, սարքաղեկավարվող կյանքում անհրաժեշտ ծրագրային մշտական թարմացումների դառը այլաբանություն:

Պատահական չէ, որ շարքի եզրափակիչ կտավում արվեստագետը տեղադրել է իր մանկական տարիներից մի լուսանկար: Բազմապատկված ու անտեսանելի ցանցում շարված երիտասարդ Վաթինյանը մեզ է նայում երանավետ անգիտություն խորհրդանշող ժամանակից:  Եվ, այդուհանդերձ, արվեստագետի մանուկ հայացքը արդեն իսկ պարուրված է ապագայի հանդեպ անհանգստությամբ: Դա խորհրդավոր պատկեր է, որը դրդում է քննադատորեն դիտարկել այն ձևերը, որոնցով պատմա֊քաղաքական ուժերը շարունակում են հղկել մեր անհատական հայեցակարգերը:

«Պատանի արվեստագետի» այդ լուռ ու հանդուգն հայացքի պես, Վաթինյանի գեղանկարները խափանում են բացահայտումներ կատարելու դիտողի ձգտումը, դրա փոխարեն առաջարկելով էսթետիկական ու փիլիսոփայական հարցաքննության հաճույքները:

Վիգեն Գալստյան
Համադրող, արվեստաբան
«Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամ

Միկա Վաթինյանը (1972) արվեստագետ է՝ ներգրավված կինոյի, երաժշտության, թատրոնի, դիզայնի, լուսանկարչության բնագավառներում եւ հաճախ ներկայացնում է Հայաստանի մշակութային եւ տնտեսական համատեքստը իր նախագծերի միջոցով: Միկան ավարտել է Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ռեժիսորի մասնագիտությամբ: Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների, այդ թվում՝ Գյումրիի ժամանակակից արվեստի 8-րդ բիենալե (2012), Փոխելով հանդիպման վայրը. Հայաստանի ժամանակակից արվեստի դրվագներ, Բեռլին (2012): Ապրում եւ աշխատում է Երեւանում, Հայաստան: