Թափանցիկ այլընտրանք, Գոհար Սմոյան

«Թափանցիկ այլընտրանքը» Հայաստանի քաղաքներում ապահով ու թափանցիկ տարածք ցույց տվող ինտերակտիվ նախագիծ է, որն արվեստի միջոցով երկխոսություն է ծավալում մարդկանց միջեւ: Նախագիծը հնարավոր լուծումներ է առաջարկում սոցիալ-կրթական եւ հոգեբանական խնդիրներին: Խնդիրների լուծման անկարողությունը հաճախ ծագում է այդ անկարողության հանդեպ անիրական վերաբերմունքից, ինչն էլ ձեւավորում է գիտակցության օբյեկտիվության սահմաններն ու դրանից առաջացող հուզական վիճակները: Որպեսզի դա մատուցվի ռեալ եւ տեսանելի՝ Գոհար Սմոյանն առաջարկում է հանրությանն ուղերձներ թողնել խորանարդի պատերին:

Նախագիծը նախ մտահղացվել է 2011-ին, Գյումրիում բացված Ժամանակակից արվեստի թանգարանի առթիվ: Շարժական թանգարանն ակադեմիական ավանդույթի հետ կապը խզող, նոր ու թեթեւ կառուցվածք էր՝ խորանարդ հիշեցնող թափանցիկ պոլիէթիլենից պատերով ու ալյումինե կմախքով: Իր ընկերների հետ Սմոյանը կառուցել էր այն՝ ներկայացնելու Գյումրիի բիենալեի թանգարանի 12 տարիների արխիվը: Խորանարդը Սմոյանին ենթագիտակցորեն առաջնորդել էր դեպի մանկության տարիների Գյումրիի հետերկրաշարժային փողոցներ, որոնք լի էին «դոմիկներով»՝ թիթեղյա ժամանակավոր վագոն-տնակներով: Պատկեր, որն ագուցված է այսօրվա աշխարհի զարգացումներից մեկուսացած, 27 տարի անց հետ-երկրաշարժային ներկայի շարունակությունն ապրող քաղաքի իրականությանը:

Սմոյանի արվեստային ծրագրում խորանարդը դարձավ հետազոտական թեմատիկ ուղղությունների մեկնակետ: Այսօր նա շարունակում է ուսումնասիրել քաղաքականությունների թափանցիկության, ազգային եւ տեղական պատկանելության, շարժականության ու արտագաղթի, անձնական եւ կոլեկտիվ հիշողության թեմաները: Իր արվեստում նա փորձում է նախագծերն օգտագործել որպես զտիչ՝ «հանգստացնելու» կամ սրելու այդ թեմաները, որպեսզի առաջարկի հնարավոր լուծումներ:

«Թափանցիկ այլընտրանքում» խորանարդը հնարավորություն է ընձեռում ազատվել անտարբերությունից, բարոյական ու հուզական անզգայացումից, ինչն այդքան բնորոշ է Հայաստանի ժամանակակից հասարակությանը: Ազատագրման այս գործողությունը մասնակիցներին տանում է դեպի զգացողությունների եւ զգացմունքների իրազեկվածության, անկախ նրանից, որ դրանք դրսեւորված են որպես բարկություն կամ անզորություն: Նախագիծն օգնում է ի հայտ բերել կոլեկտիվ ենթագիտակցությունը: Քանզի խորանարդը թափանցիկ է ու շարժական, այն դառնում է ժամանակավոր այլընտրանք անշարժ երկաթյա տներին ու մտքերին, եւ պայքարում է ապագայի նոր ու դրական տեսլականի համար:


Սոնա Ստեփանյան
Արվեստ Հայաստան հիմնադրամի համադրող


Գոհար Սմոյանը (1978) արվեստագետ է եւ հետազոտող, որն իր արվեստում կիրառում է նկարչության, գրաֆիկայի, ինստալացիայի, վիդեոարվեստի եւ փերֆմանսի տարբեր տեխնիկաներ եւ միջոցներ: Վերջին շրջանում Գոհարի արվեստային մտահոգությունները կենտրոնանում են քաղաքականության թափանցիկության, ազգային եւ տարածքային պատկանելության, տեղաշարժերի եւ արտագաղթի, անձնական եւ կոլեկտիվ հիշողությունների շուրջ: Գոհարն ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղը, այժմ այնտեղ դասավանդում է Նկարչության պատմություն եւ տեսություն,  հետազոտող է Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի թանգարանում: Գոհարը բազմաթիվ անհատական եւ խմբային ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում (Այնպես, ինչպես ուզում է, Գյումրի, 2016; Ավերված տարածքներ, Գյումրի, 2012, այլ), ինչպես նաեւ արտերկրում ((Կովկասյան բալլադ, Ֆրանսիա 2012; Սահմանամերձ տարածք 02763, Գերմանիա, 2014; Քուրդիստան, Թուրքիա, 2015; ԱլեքսանդրապոլԼենինականԳյումրի, Ռուսաստան, 2016): Ապրում եւ աշխատում է Գյումրիում, Հայաստան: